EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Ավրորա Մարդիգանյան
24 Ապրիլի, 2020
Նկարում Ավրորա Մարդիգանյանն է։ Նրա ընտանիքն Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից էր՝ Չմշկածակ գյուղից: Եղեռնի ժամանակ կորցնելով հարազատներին` 14-ամյա Ավրորան ենթարկվում է խոշտանգումների։ Իր հուշագրությունում նա պատմել է աքսորի ճանապարհներին տեսած բոլոր վայրագությունների մասին: Բայց Ավրորան` «հայկական Ժաննա դ'Արկը», ինչպես նրան անվանեցին Ամերիկայում, մեկուկես տարի կրելով այդ մղձավանջային սարսափները, չի ընկճվում և կարողանում է փախուստի դիմել թուրք ցեղապետի հարեմից:

1917 թվականի գարնանը, երկարատև թափառումներից հետո, ամերիկացի բժիշկ-միսիոների օգնությամբ Ավրորան կարողանում է վերջապես հատել ռուս-թուրքական ճակատային գիծը` դուրս գալով դեպի ռուսական զորքերի առաջապահ դիրքերը։ Այսպես նրան հաջողվում է փրկվել։ Ավրորային տեղափոխում են այն ժամանակ ռուսական զորքերի գրաված Էրզրում քաղաքը, որտեղից զորավար Անդրանիկ Օզանյանի աջակցությամբ նա ուղևորվում է Սանկտ Պետերբուրգ, ապա` ԱՄՆ, Նյու Յորք։ Ավրորային այնտեղ որդեգրում է մի հայ ընտանիք:

Լուսանկարը՝ Baker Art Gallery